Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Կմնա իր երկրպագուների, հայ ժողովրդի սրտի՛ սրտի մեջ...

Կմնա իր երկրպագուների, հայ ժողովրդի սրտի՛ սրտի մեջ...
27.11.2015 | 11:47

1956 թվականին էկրան բարձրացավ «Հայֆիլմի» գլուխգործոցներից մեկը` «Պատվի համար» գեղարվեստական կինոնկարը ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն դրամայի (ռեժիսոր` Արտաշես Հայ-Արտյան)։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ Այն ցուցադրվեց նաև Մոսկվայում հայ գրականության և արվեստի երկրորդ տասնօրյակին (1956 թ.)։
Գլխավոր դերերում էին հայ մեծ դերասաններ Հրաչյա Ներսիսյանը և Ավետ Ավետիսյանը։
Մարգարիտի դերում նկարահանվել էր երիտասարդ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։
Իմ հեռուստահաղորդումներից մեկում դերասանուհին հիշում էր. «Ես աշխատում էի Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական թատրոնում։ Մի օր նամակ եմ ստանում` հրավիրում են փորձնական նկարահանումների կինոստուդիա։
Եկա Երևան, մտա ռեժիսոր Հայ-Արտյանի աշխատասենյակը։ Սեղանին շատ լուսանկարներ կային, գեղեցիկ աղջիկների լուսանկարներ։ Ես զարմացա. «Վարպետ, այսքան գեղեցիկ աղջիկներ կան, ինչո՞ւ եք ինձ կանչել»։
-Քո աչքերը ինձ դուր եկան, դու պետք է խաղաս Մարգարիտ,- եղավ նրա պատասխանը»։
Մարգարիտի դերը մեծ ճանաչում բերեց Վարդուհուն, չնայած նա Լենինականի թատրոնի առաջատար դերասանուհին էր և արժանացել էր հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ Վարդուհի Վարդերեսյանը նույնպես մասնակցել էր Հայկական արվեստի երկրորդ տասնօրյակին։ Ա. Մռավյանի անվան թատրոնի «Փորձադաշտ» (Նաիրի Զարյան) ներկայացման մեջ նա խաղաց Ռուզանի դերը։ «Պատվի համար»-ից հետո Վարդերեսյանը նկարահանվեց Գրիգոր Մելիք-Ավագյանի «Մոր սիրտը» կինոնկարում։ Դերասանուհին ստեղծեց դժբախտ կնոջ կերպար։ Հանդիսատեսի աչքի առաջ երիտասարդ կինը մեծացավ, ծերացավ։ Եվ այդ տարիքային անցումը շատ նուրբ էր ու համոզիչ։ Ընդհանրապես դերասանուհին եղավ բազմաթիվ մայրերի լավագույն դերակատարը։ Ըստ իս, դա գալիս էր նրանից, որ կյանքում էլ սիրող և նվիրված մայր էր։ Նա մայր եղավ և իր թոռնիկի համար (տղայի կնոջ մահից հետո), խնամեց և գուրգուրեց նրան։ Հետագայում հանդիսատեսը հիացավ նրա վարպետությամբ, անկրկնելի հմայքով «Ճանապարհ դեպի կրկես», «Կարինե», «Մսյո Ժակը և ուրիշները», «Մորգանի խնամին», «Հյուսիսային ծիածան», «Հայրիկ» կինոնկարներում։
1958 թվականին Վարդան Աճեմյանը Վարդուհուն հրավիրեց մայր թատրոն` Գ. Սունդուկյանի անվան թատրոն։ Սկսվեց նոր էտապ դերասանուհու ստեղծագործական կյանքում։ Շատ շուտով նա դառնում է թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը։ Խաղում է հերոսուհիներ, սուր բնավորություններ, գլխավոր և էպիզոդիկ դերեր հայ, ռուս, արևմտյան դասական և ժամանակակից պիեսներում։
Հիշենք նրա Հուդիթը («ՈՒրիել Ակոստա»), Մարգոն («Վերջին մեխակները»), Լուսիկ Լիսինյանը, Լիան («Քո սրտի կրակը»), Սյուզին («Բրոուդիի ամրոցը»), Անուշը («Պաղտասար աղբար»), Վիրջինիան («Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»), Էլիզաբեթը («Սալեմի վհուկները»), Յոթծովիմերանը («Հացավան»), Իշխանուհին («Հին աստվածները»)...
1969 թվականին ես սովորում էի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի ավարտական կուրսում։ Իմ դիպլոմային աշխատանքի թեման էր «Իշխան Միշկինը որպես Դոստոևսկու իդեալ»։ Այդ տարիներին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հաջողությամբ ներկայացվում էր Ֆ. Դոստոևսկու «Ապուշը» (ներկայացման գեղարվեստական ղեկավար` Գեորգի Տովստոնոգով)։ Վարդուհի Վարդերեսյանը խաղում էր Նաստասյա Ֆիլիպովնա։
Ներկայացման մասնակիցներին ես հրավիրեցի ինստիտուտ։ Հետաքրքիր քննարկում եղավ։ Խոսվեց և Վարդուհու Նաստասյայի մասին։
Բարդ է մարմնավորել Դոստոևսկու հերոսուհիներին, և եթե դերասանուհին կարողանա ցույց տալ հերոսուհու ներքին կյանքը, կարողանա անկեղծ ծիծաղել և լաց լինել, ապա նա հաղթահարել է գրողի և կերպարի բարդությունը։
Վարդուհի Վարդերեսյանը կարողացավ ցույց տալ Նաստասյայի տառապանքը, մեծ սերը, չիրականացած երազանքը։
Ի դեպ, դերասանուհին միշտ էլ հաջողությամբ է հաղթահարել ռուս դասականների պիեսների հերոսուհիների կերպարների բարդ շերտերը։ Նշենք թեկուզ Ռանևսկայային Ա. Չեխովի «Բալի այգուց»։ Սակայն, ըստ մասնագետների և հանդիսատեսի նույնպես, դերասանուհու գլուխգործոցը համարվեց Ջոնին Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսից։
Շատերի համար անսպասելի էր Վարդան Աճեմյանի որոշումը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ Վարպետը չի սխալվել։
Անկրկնելի էր Վարդուհու Ջոնին։
Վահրամ Փափազյանը գրեց Վարդուհու Ջոնիի մասին. «Այդքան ճկուն, դյուրաթեք ու անհունորեն դուրեկան մի լակոտ, եթե դժվար է պատկերացնել, ապա անհաղթելիորեն դժվար է անձնավորել բեմահարթակում մի կնոջ համար։ Քիթը փոքրացել էր ու դարձել քթիկ, սև աչքերը, որոնց խորքում միշտ առկա են անցյալի տառապանքի մոխրացած ցոլքերը, դարձել էին չարաճճի, հետաքրքրությամբ իր շուրջի աշխարհը հետազոտող պճլտուն աչուկներ։ Երկար հասակը կարճացել էր և իր ներքնաշխարհով ու արտաքինով դարձել էր հում-հում կրծվելու չափ մի մանչուկ։ Իսկ այն վերջին խոսքը, որ հեղինակը դրել է փոքրիկ Ջոնիի շրթներին և որով փակում է նա թատերգությունը, մի դժնդակ հարցական նշանով «թվում է, թե ինչ-որ մի տեղ մի բան սխալ է» անթառամ պսակը կմնա Վարդուհու ճակատին և նրա ապագա արտիստական զարգացման անխարդախ գրավականը»։
Իսկ Պարույր Սևակը հիացմունքով գրեց. «Նրա Ջոնին համակ լույս է, մի պայծառություն, որ անդրադառնում է հանդիսատեսի հոգում։ Ոչ մի ավելորդ դիմախաղ, ոչ մի անհարկի շարժում, ոչ մի անհարկի ելևէջ։ Վ. Վարդերեսյանն այնպես է վերամարմնավորվել Ջոնիի մեջ, որ հեշտ չէ երևակայել մեկ ուրիշ Ջոնի, մինչև իսկ մեկ այլ ձայնով ու շարժուձևով»։
1964-ին Վարդերեսյանին շնորհվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1980-ին Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ» ներկայացման մի շարք դերակատարների հետ Վարդուհին արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։
Երբ բացվեց Երևանի հեռուստատեսության ստուդիան, Վարդուհին հենց սկզբից մասնակցեց նրա աշխատանքներին, խաղաց գլխավոր դերեր Մարատ Մարինոսյանի, Կիմ Արզումանյանի, Օլգա Մելիք-Վրթանեսյանի, Գրիգոր Արզումանյանի, Կառլեն Վարժապետյանի, Հրաչյա Աշուղյանի ներկայացումներում։ Դերերը բազմաբնույթ էին` խոր հոգեբանական, դրամատիկ, ողբերգության հնչողության հասնող (Կ. Չապեկ, «Մայրը»), կատակերգական։ Նա փայլուն տիրապետում էր արևմտահայերենին, ուներ հումորի նուրբ զգացում և անզուգական էր պարոնյանական և օտյանական շարքերում։
Երբ ես ղեկավարում էի «Մանրապատումների թատրոնը», նա փայլուն կատարեց գլխավոր դերերը Վ. Լիդինի «Աջից երկրորդ պատուհանը» և Ա. Չեխովի «Ջութակը» բեմականացումներում (ռեժիսոր` Օլգա Մելիք-Վրթանեսյան)։
Երբ նշվում էր Հայաստանի հեռուստատեսության 20-ամյակը, Մոնիկա Տեր-Պողոսյանը և ես պատրաստեցինք զվարճալի մի ծրագիր, որին մասնակցում էր և Վարդուհին։ Նա հանդես եկավ պարոդիայի ժանրում` խաղաց... Պեպոյի դերը։
Բազմաթիվ են նրա կերտած կերպարները ռադիոթատրոնում։ ՈՒզում եմ հիշել միայն մեկը` Պոլինան Ա. Օստրովսկու «Եկամտավոր պաշտոնից»։ Հատկապես հուզում էին տեսարանները Ժան Էլոյանի հետ։ Հիանալի ասմունքում էր, հաճախ էր մատուցում հանդիսատեսին արևմտահայ պոետների լավագույն նմուշները։ Յուրաքանչյուր արտասանած բանաստեղծություն կարծես մի դեր լիներ։ Սիրում էր երգել և գեղեցիկ ձայն ուներ։ Հոգով էր երգում։
Վերջին հայ դերասանն էր, որ արժանացել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Վառ անհատականություն էր, տաղանդավոր արվեստագետ, սկզբունքային քաղաքացի։
Մասնակցել էր և իմ հեռուստատեսային «Օթյակ» հեղինակային ծրագրին։ Հաղորդումներիցս մեկը նվիրված էր կինոռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանին («Պատվի համար»)։ Վարդուհին հիշեց մեծն Վահրամ Փափազյանի արտահայտությունը, որը նրան շատ էր դուր եկել` «սրտիս սրտի մեջ»։ Եվ խոսելով Հայ-Արտյանի մասին, այսպես ավարտեց իր խոսքը. «Արտաշես Հայ-Արտյանը սրտիս սրտի մեջ է»։
Համոզված լինենք, որ Վարդուհի Վարդերեսյանն էլ կմնա իր հարազատների, երկրպագուների, հայ ժողովրդի սրտի՛ սրտի մեջ...


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ